Վահան Տերյանի կյանքը
Փետրվարի 9-ին (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը:
<<…Ամենից հաճախ ես դառնում եմ տուն` դեպի մեր գյուղը և մեր գետը, մեր տան դիմացի բլուրը… այնքա՜ն Հրաշք դյութական բան կար մեր գյուղում, գետի ափին, բլրի մոտ>>։ Վ.Տերյան
Օգոստոսի 30_ին Վահանի հայրը դիմում է Լազարյան ճեմարան` խնդրելով իր հնգամյա որդուն հերթագրել ճեմարանի որդեգիր։
Հունվարի 11_ին ճեմարանի վարչությունը պատասխան գրությամբ հայտնում է, որ ժամանակավորապես դադարեցվել է այդ հարցով դիմումների ընդունումը։
Տեր Սուքիասը ծաղիկ հիվանդության վկայականի համար տեղեկանք վերցնելու նպատակով 1892-ին 7 տարեկան Վահանին տանում է Ախալքալաք: Տերյանն առաջին անգամ ծառ է տեսնում:
Վահանը հաճախում է Գանձայի գյուղական դպրոցը։ Առաջին ուսուցիչը եղել է թելավցի, բարձրագույն կրթությամբ, Նիկողայոս Խեչոյանը, ով աշակերտների մեջ լայն հետաքրքրություն ու սեր է առաջացնում գրականության նկատմամբ:
Ութ տարեկանից Վահանը կարողանում է ինքնուրույնաբար օգտվել գրքից։
Մարտի 13_ին տեր _Սուքիասը Լազարյան ճեմարանի տնօրենին դիմում է երկրորդ անգամ` Վահանի ընդունելության հարցով։ Պատասխանում են, թե պետք է դիմել ճեմարանի պատվավոր հոգեբարձուին։
Ապրիլի 20_ին տեր Սուքիասը դիմում է պատվավոր հոգեբարձուին։ Վերջինս դիմումի վրա մակագրում է` հարցնել դիմողին, <<Քանի տարեկան է նրա տղան և ո՞ր դասարանի համար է պատրաստված>>։
Մայիսի 18_ին տեր_Սուքիասը նամակով հայտնում է, որ իր որդին տասը տարեկան է <<վերջացրել է գյուղական ժողովրդական մեկդասյա ուսումնարանի դասընթացը, կարողանում է ռուսերեն և հայերեն ճիշտ կարդալ ու գրել, գիտե թվաբանական չորս գործողությունները, կրոն, հին ու նոր կտակարան>>։
Օգոստոսին հայրը Վահանին տանում է Ախալքալաք`քաղաքային դպրոցում ուսումը շարունակելու։ Ապրում է քեռու` Ստեփանի ընտանիքում։
Հունվարյան արձակուրդներին Վահանը գալիս է Գանձա և կտրականապես հրաժարվում է վերադառնալ Ախալքալաք։Պատճառը քաղաքային դպրոցում ստեղծված անտանելի մթնոլորտն էր: Վահանը իրեն օտար և մեկուսացած էր զգում այդ միջավայրում։ Հոր և քեռու հորդորները իզուր են անցնում։
Տեր_Սուքիասը Վահանին ուղարկում է Թիֆլիս, որպեսզի եղբոր` Արամի, մոտ նախապատրաստվի ընդունվելու գիմնազիա, մինչև Լազարյան Ճեմարանում ուսանելու հարցը լուծվի։
Մարտի 12_ին հանձնում է քննություննները` գիմնազիա ընդունվելու համար։
Մարտի 19_ին լրացվում է այդ քննությունների մասին վկայականը.<<Թիֆլիսի առաջին արական գիմնազիան տալիս է սյունը քահանայի որդի Վահան Տեր_Գրիգորյանին այն մասին, որ նա այս մարտի 12_ին հանձնած քննություններից ստացել է բավարար գնահատականներ։
Սույնը հաստատվում է ստորագրությամբ և պետական կնիքի դրոշմամբ ։
Օգոստոսի 1_ին տեր_Սուքիասը դիմում է Լազարյան ճեմարանի վարչությունը և խնդրում է հայտնել, թ՞ե երբ կհասնի իր որդու հերթը։ Միաժամանակ հայտնում է, որ իր որդին քննություն է տվել Թիֆլիսի առաջին կլասիկական գիմնազիայի ավագ նախապատրաստական դասարանի ծրագրով և ստացել է բավարար գնահատականներ։
Օգոստոսի 21_ին ստացվում է ճեմարանի վարչության պատասխանը, թե նրա որդին այդ տարի չի կանաչվի և այդ բանը շուտ չի լինի։
Օգոստոսին հայրը` Վահանին տանում է Թիֆլիս , որպեսզի եղբոր մոտ։ ` Արամի (ով սովորում էր գիմնազիայի ավագ դասարանում) , օգնությամբ նախապատրաստվի Լազարյան Ճեմարանի 2_րդ դասարանի քննությունները հանձնելու։
Հունիսի 8_ին տեր Սուքիասը կրկին դիմում է ճեմարանի վարչությանը հարցումով, թե երբ կհասնի իր որդու հերթը։
Հունիսի 27_ին դիմումի վրա պատվավոր հոգեբարձուն մակագրում է. <<Տեղեկացնել հորը , որ եկող տարի նրա որդին հավանորեն կկանչվի։ Պետք է նրան նախապատրաստել երրորդ դասարանի համար։>>։
Համաձայն Լազարյան Ճեմարանի վարչության գրության` ստացված հունիսի 2-ին. «Հերթը հասնելու հետեւանքով պատիվ ունեմ խոնարհաբար խնդրել Ձեզ, այս տարվա օգոստոսի 12-ին ինստիտուտ հասնել Ձեր որդի Վահան Տեր-Գրիգորյանին … քնննությունները հանձնելու…»:
Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»:
Վահան Տեր- Գրիգորյանը մի քանի ընկերների հետ (Ցոլակ Խանզադյան, Պողոս Մակինցյան, Օնիկ Օհանջանյան, Մելքոն Քարամյան) Ճեմարանում հրատարակում է «Հույս» ձեռագիր թերթը: «Թերթում Վահանը հիմնականում գրում է խմբագրական եւ առաջնորդող հոդվածներ: Նրան էր հատկացված նաեւ պոեզիայի բաժինը, որտեղ նա զետեղում է իր բանաստեղծությունները», -հիշում է Մ. Քարամյանը: «Հույս» -ի էջերում Վահանը հանդես է եկել Շվին, Volo եւ այլ կեղծանուններով:
Ապրիլի 7-ին Մոսկվայից Տերյանը առաջին նամակը գրում է քրոջը`<<սիրելի Նաշոյին>> (Նախշուն Տեր-Գրիգորյան-Սիմոնյանին) . «Ես ողջ եւ առողջ եմ եւ ցանկանում եմ ձեր բոլորիդ առողջությունը»:
Մայիսին Լազարյան ճեմարանի 6-րդ դասարանի սան Վահանը դժվարությամբ միջոցներ է հայթայթում եւ գալիս է տեսնելու հիվանդ մորը: Պարտքերի գնով վերադառնում է Մոսկվա: Հոկտեմբերին մահանում է Վահանի մայրը` Յուղաբեր Տեր-Գրիգորյանը: Վահանը ծանր է տանում մոր կորուստը: Հետագայում նրա հիշատակին է նվիրում մի քանի բանաստեղծություններ. Ահա մի քառատող.
Կարծես թե դարձել եմ ես տուն։,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Գրում է նաեւ «Էլեգիան» եւ «Անծանոթ աղջկան » բանաստեղծություններ։
Մարտ ամսին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս եւ հարցերիս պատասխանում: Վահանը լուռ ու անխոս հետեւում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում:
Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց եւ շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»_պատմում է Ավ.Իսհակյանը։
Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»: «Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում», – հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւրա»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաեւ Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել:
Դեկտեմբերին Լազարյան ճեմարանի ուսուցիչների հանգանակած գումարով Վահանը մեկնում է Կուրսկի մարզ, Շչիգրի քաղաքը` ավագ եղբորը` Ղազար Տեր_Գրիգորյանին(Ջավախեցի), տեսնելու, որը ընտանիքով այնտեղ էր աքսորվել հակապետական արարքների համար։
Գրում է <<հրաժեշտ>>, <<Ցնորք>>, <<Վիհի եզերքին>>, <<Իմ գերեզմանին դուք չմոտենաք>> և այլ բանաստեղծություններ։
ճեմարանում դասերը դադարում են:
Մայիսին Վահանը մեկնում է Կովկաս: Ամռանը լինում է հայրենի Գանձայում: Մի շաբաթի չափ Վահանենց ընտանիքին հյուր է լինում Ավ. Իսահակյանը: Գանձայից ոչ հեռու, Ս. Հովհաննեսի մատուռում նրանք տեսնում են շրջակա գյուղերից վարդավառի ուխտի եկած գյուղացիներին, ովքեր մի պահ մոռացած դաժան առօրյայի հոգսերը, օղի էին խմում, ծիծաղում և գոռգոռալով երգում: «Նայի~ր, – ասում է Վահանն ինձ, -ա~խ, ի~նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ինչ մտահոգ դեմքեր` արեւով, անձրեւով այրված ու բովված: Ի~նչ դառն աղքատություն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՞նչ թախծոտ ուրախություն է այս: Իբրեւ թե ուրախ երգեր են երգում, բայց ինչ վիշտ ու մորմոք կա նրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը եւ դու, միայն երկուսդ եք զգում ժողովրդին: Ձեզանից հետո կամ նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել»:
Օգոստոսի 27-ից Վահանը Մոսկվայում է. շուտով քննություններ է տալու եւ պարապում է:
Նոյեմբեր-դեկտեմբերին Լազարյան ճեմարան փակվելու պատճառով Վահանը լինում է հայրենի Գանձայում:
Դեկտեմբերի վերջին ընկերոջ` Պողոս Մակինցյանի հետ մեկնում են Շիրակի գյուղերը` պրոպագանտիստական աշխատանք տանելու ժողովրդի մեջ:
Գրում է «Շիրակի դաշտերից», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Կարոտ», «Տխուր զրույց», «Հրաժեշտի խոսքերից», «Մթնշաղ», «Սենտիմենտալ երգ», «Անջատման երգ» եւ այլ բանաստեղծություններ:
Հունվարի 2_ին լինում է Անիիում։ << Ահա մոտ երկու ամիս է,Կովկասում եմ…Այժմ գրում եմ Անիից։ Ավետիք Իսահակյանի հետ եկանք Ալեքսանդրապոլ, որտեղից ընկանք շրջանի գյուղերը Մակինցյանի հետ պրոպագանդի համար։ Նոր տարին դիմավորեցինք Ղազարապատում>>,_գրում է Ս. Օտարյանին։
Հունվարի 9-ին Ալեքսանդրապոլից կրկին գրում է Սոնա Օտարյանին. «Ավետիք Իսահակյանին բավականին մոտ ծանոթացա: Նա շատ անկեղծ մարդ է եւ շիտակ, այնպես որ դա արդեն նրա համար մի մեծ պլյուս է: … Ավետիքը անմիջական զգացմունքի եւ տրամադրության մարդ է, եւ իզուր կլիներ նրա մեջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիստեմատիկական ուղղություն: Նրա բանաստեղծություններն էլ անմիջական զգացմունքի արտադրություններ են»: Փետերվարին Վահանը Մոսկվայում է, հաճախում է Լազարյան ճեմարանի դասերին։
Մայիսի վերջին ավարտում է Լազարյան ճեմարանը, ստանում հասունության վկայական:
Ամռանը մնում է Մոսկվայում: Սուղ միջոցներով մի կերպ սենյակ է վարձում եւ աշխատանքի մտնում մի նոտարի մոտ` ամիսը 25 ռուբլի աշխատավարձով: Սակայն աշխատանքը «սաստիկ ծանր էր», շուտով թողնում է այն:
Օգոստոսին ընդունվում է Մոսկվայի համալսարանի պատմա_բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի եւ գրականության բաժինը:
Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեեւ ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են:
Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրեւ քաղաքականապես վնասակար անձնավորություն», որին դատ է սպասվում:
Գրում է «Էստոնական երգ», «Աշնան երգ», «Սիրտս ցավում է անցած գնացած օրերիս համար», «Աշնան մեղեդի», «Հրաշք աղջկան», «Ցանկություն» եւ այլ բանաստեղծություններ:
«Մուրճ» ամսագրի 7, 9, 11-12 համարներում տպագրվում է Վահան Տեր-Գրիգորյանի «Էլեգիա», «Էստոնական երգ», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Աշնան երգ» բանաստեղծություններն։
Մայիսի սկզբին Մոսկվայից մեկնում է Բաքու, Ճանապարհին հիվանդանում է եւ ստիպված կանգ է առնում Մոզդոկում, ավագ եղբոր` Ղազարոսի մոտ:
Մայիսից հունիսի վերջերը Վահանը Բաքվում է` Ալ. Մյասնիկյանի մոտ: Միասին պրոպագանդիստական աշխատանք են տանում Բաքվի բանվորների շրջանում։
Նամակներից մեկում գրում է ,_<<Բանվորները լավ տպավորություն գործեցին։ Ես ուրախությամբ ու հիացումով տեսա, որ կան և հայ բանվորներ, հայ մարդիկ ազատ նախապաշարմունքներից։
Ես այստեղ էլ հիվանդացա և հիմա հավանաբար գյուղ կգնամ։ Ֆիզիկապես հյուծված եմ անկարելիության աստիճան, հոգեպես առույգ եմ ինչպես երբեք և սույն պահից համարում եմ իմ կյանքում նոր դարաշրջանի սկիզբ>>։
Հունիսի վերջից մինչև սեպտեմբեր Գանձայում է:
Օգոստոսի 29-ին Օնիկ Օհանջանյանին գրած նամակից. «… Եվ թախիծը .. Հենց որ իջնում է մթնշաղը, գյուղը լռում է, իջնում է իրոք գերեզմանային լռություն, որը երբեմն խախտվում է նաեւ շների հաչոցով: Թվում է, թե գերեզմանոցում ես ապրում: Ահա հենց այդ ժամանակ է, որ անտանելի ծանր է լինում, եւ հոգիդ պարուրում է ճմլող, կուրծքդ ցավելու աստիճանի սեղմող թախիծը: Եվ թվում է` գիշերը վերջ չունի: Լույսի, որեւէ ձայնի խելահեղ տենչը համակում է քեզ, եւ վախենում ես սեփական ձայնիցդ: Թախի~ծ: Անդրշիրիմյան լռություն: Անվախճան գիշեր… Ի~նչ կտայի մի անսպասելի մտերմիկ ողջույնի, հարազատ ձայնի մի հնչյունի համար… Դու երջանիկ ես, Օնի’, դու քույր ունես, քո կողքին մարդ կա, որին կարող ես վստահել խոհերդ ու անուրջներդ: Քաղցր է ունենալ մի մարդ, որը կարող է հասկանալ քեզ, որի կրծքին ազատորեն կարող ես լալ կյանքիդ, չիրականացած երազներիդ, մոլորություններիդ ու հույսերիդ ողջ դառնությունը: Դու հրաշալի մայր ունես: Ես էլ մայր ունեի, եւ նա ինձ կհասկանար, եթե ոչ գլխով, ապա սրտով…»: Նամակն ավարտում է այսպես .<<Քո Վանիկ, այժմյան սկսած Վահան Տերյան>>։Այս նամակից հետո գրեթե միշտ այսպես է ստորագրել։
Դեկտեմբերի վերջին Տերյանը Մոսկվայում էր։ Գրում է «Մոսկվա, դեկտեմբերի 12», «Պայմանական թատրոն» հոդվածները, որոնք տպագրվում են «Անկախ մամուլի» 1907թ. 16 եւ 20-րդ համարներում:
Մոսկվայի Գեղարվեստական Թատրոնի (MXАT-ի) հանրահայտ ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին լազարյանցի էր: Ճեմարանի սաներն անվճար հաճախում էին ներկայացումներին: Տերյանը շատ էր սիրում թատրոն:
Գրում է «Իրիկնաժամ», «Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում», «14 տող», «Աշնան տրտմություն», «Սեւ գիշերն իջավ իր անմահ գահից», «Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի», «Հիվանդ» եւ այլ բանաստեղծություններ։
Մարտի 10-ին Մոսկվայից Ավ. Իսահակյանին գրում է «Երգեր ու վերքեր» ժողովածուից և ընդհանրապես, նրա պոեզիայից ստացած իր տպավորությունների մասին. «Քո բանաստեղծական ձևը և ոճը շկոլա է ստեղծել մեր գրականության մեջ։ Դու հայ բանաստեղծների մեջ իմ ամենասիրելի բանաստեղծն ես` քո անհատական լիրիկայով» (ընդգծումը բնագրում է):
Ապրիլին Տերյանը Թիֆլիսում է։
Ապրիլի 25_ին Տերյանը երկրորդ անգամ հանդիպում է Հովհ. Թումանյանին։Առաջին հանդիպումը կայացել էր 1901 թվականջին, երբ Թումանյանը Վահանի ավագ եղբոր Ղազարյան (գյուղագիր Ջավախեցի) հետ Գանձա էր գնացել։
Մայիսի սկզբին կրկին այցելում է Թումանյանին և կարդում իր բանաստեղծությունները, որպեսզի լսի նրա կարծիքը։
Ց. Խանզադյանին ուղղած նամակում պատմում է Թումանյանից ստացած տպավորության եւ իր բանաստեղծությունների վերաբերյալ Թումանյանի արտահայտած կարծիքի մասին. «…չնայած իր պարզության, նա իմ վրա տպավորություն գործեց: Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ: Գուցե հասա՞կը, կամ հենց այն հանդարտ պարզությու՞նը: …«Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է: Դուք խոսքի հետ չեք խաղում… Ես Ուրախությամբ եմ ողջունում Ձեր մուտքը գրական ասպարեզ. բարով եկաք» (ընդգծումը բնագրում է):
Մայիսին, Թիֆլիսում ,Վահաը հանդիպում է Ավ. Իսահակյանին:
<<…Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը` «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հովհ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ` անկեղծ կարծիքս իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է մեկը մյուսի հետեւից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով եւ ուշով հետեւում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած` ես անհամբերությունից մղված գոչեցի. «Կեցցե’ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուեղացած զգացումներ` անթերի ձևերի մեջ։ Իսկական քնարերգությունը սա է_մաքուր լիրիկա>>:
Վահանի նիրհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ. «Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլեւս քննադատությունից վախ չունեմ»,_հիշում է Ավ. Իսահակյանը։
Մայիսի վերջից մինչև օգոստոս Վ. Տերյանը Գանձայում է:
Ամռանը Թիֆլիսում լույս է տեսնում Վ. Տերյանի բանաստեղծությունների ժողովածուն «Մթնշաղի անուրջներ» խորագրով, որի մասին Ստեփան Զորյանը գրում է. «Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, եւ դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը` ութսուն էջանոց «Մթնշաղի անուրջները», հռչակեց նրան որպես բանաստեղծ եւ պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում»:
Կարճ ժամանակում Տերյանն ունեցավ հետեւորդների մի ամբողջ բազմություն: Երկրպագուներին թիվ չկար: Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները: Ամենուրեք` երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանվում էին Տերյանի սոնետներն ու էլէգիաները: Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով: Երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց` «Մթնշաղի անուրջները»:
Սեպտեմբերին Տերյանը Մոսկվայում է, ուսանում է համալսարանում։
<<Մայիսի 12_ի գիշերը հյուրեր ունեցա։ Պարոն պրիստավը, նրա օգնականը, պարոնայք քաղաքապահ ոստիկանները և պարոն դռնապանը։
Ինձ, իհարկե, հետները չտարան, բայց փոխարենը վերցրին իմ բոլոր թղթերն ու նամակները։ Ես չէի կարող նրանց չընդունել, որովհետև նրանք մտան առանց զեկուցելու>>։ (Անթառամ Միսկարյանին գրած նամակից)։
Օգոստոսին Մոսկվայից Վ. Տերյանը եւ Ս. Օտարյանը նամակ են գրում Հովհ. Թումանյանին եւ արտահայտում իրենց <<ջերմ համակրությունը`>> Ռ. Դրամբյանի դեմ «Մշակ»_ում տպագրած Թումանյանի «Ոչ-գրական ոչնչությունները` քննադատ» պատասխան հոդվածի առիթով։
«Մենք, ներքոստորագրողներս, կարդալով «Մշակ»_ում Ձեր հոդվածը, հայտնում ենք Ձեզ մեր ջերմ համակրությունը եւ ցանկանում ենք Ձեզ կատարյալ հաջողություն` շարունակելու Ձեր «պլազիատային» գրական գործունեւոթյունը, որի բարձր գնահատողների թվին պատկանում ենք նաեւ մենք: Օգտվելով հանգամանքից, մեր սրտագին ուրախությունն ենք հայտնում Ձեզ`բանտից ազատվելու համար:
Ընդունեցեք բարեւներ եւ մեր հարգանքը»:
Դեկտեմբերի վերջ Տերյանը լինում է Պետերբուրգում, եղբոր `Արամ Տեր_Գրիգորյանի մոտ։
Գրում է «Փողոցի երգը», «Անվերջ գիշերի մռայլ վիհերում», «Տխուր երգ», «Մարել ես արդեն, մեռել ես հավետ», «Չգիտեմ` այս տխուր աշխարհում», «Մեղմիվ փռվեց քնքուշ մութ», «Դու չքացել ես», «Անդարձ աշխարհի վարդագույն միգում», «Ես նստում եմ մենակ, մենակ» եւ այլ բանաստեղծություններ։
Հունվարից ապրիլ` Մոսկվայի համալսարանում սովորելուն զուգընթաց, Տերյանը զբաղվում է «Գարուն» գրական-գեղարվեստական ալմանախի խմբագրությամբ եւ հրատարակությամբ: Նամակներ է գրում Ց. Խանզադյանին եւ Մարթա Միսկարյանին:
Մայիսի 2_ին ,Մոսկվայում , նշվում է Ալ. Ծատուրյանը հոբելյանը։ Հանդեսին ընթերցվում է <<Գարուն>> արմատախիլ խմբագրության ուղերձը, որը գրել էր Վ. Տերյանը։ <<Մի երջանիկ զուգադիպությամբ այսօր, այս գրական մեծ տոնին լույս ենք ընծայում առաջին գիրքը <<Գարուն >> գրական _գեղարվեստական ալմանախի, որի խմբագրության անդամներից մեկն եք և Դուք։
Մենք գիտենք, տատասկոտ ու փշոտ է հայ բանաստեղծի ճանապարհը. Եթե ուրիշ ազգերի մեջ բանաստեղծ լինելու համար հարկավոր է միայն աստվածային կայծ ունենալ, մեր իրականության մեջ բանաստեղծը պետք է նաև հերոս լինի։>>
Մայիս-օգոստոսին մեկնում է Կովկաս: Ամառն անց է կացնում Թիֆլիսում, Ախալքալաքում եւ հայրենի Գանձայում: Սկսում է թարգմանել Օսկար Ուայլդի «Սալոմե»_ն ֆրանսերեն բնագրից, զբաղվում է «Գարունի» համար բաժանորդներ գտնելու եւ երկրորդ գրքի հրատարակության հարցերով: Նամակներ է գրում Կ. Միքայելյանին, Ց. Խանզադյանին, Մ. Միսկարյանին:
Նոյեմբերի 17-18-ին «Հորիզոն» թերթի 256 եւ 257-րդ համարներում տպագրվում է նրա «Լև Տոլստոյի Թաղումը» եւ «Յասնայա Պոլյանայում» հոդվածները, ուր բանաստեղծն իբրեւ ականատես նկարագրում է ռուս մեծ գրողի հուղակավորությունը եւ գրում է. «Լ. Տոլստոյի թաղմանը չէր մասնակցում ամբողջ Ռուսաստանն իսկ, մինչդեռ պետք է մասնակցեր ողջ աշխարհը…»:
Դեկտեմբերի 8-ին «Գարուն» ալմանախի խմբագրության հանձնարարությամբ Տերյանը նամակ է գրում Հովհ. Թումանյանին եւ խնդրում որեւէ գրվածք ուղարկել Ալմանախի երկրորդ գրքում տպագրելու համար:
Թիֆլիսում հրատարակվում է Արսեն Տերտերյանը <<Վահան Տերյան, ցնորքի, ծարավից և հաշտության երգիչը>> գիրքը։
Գրում է «Մոռացված ուղի», «Գիշերամուտ», «Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին», «Խորհրդավոր սեր», «Վերադարձ» և այլ բանաստեղծություններ։
Հունվարին «Հորիզոնի» 16 եւ 17-րդ համարներում տպագրվում է Տերյանի «Անունը կա, ամանումը չկա» հոդվածը, որը հետաքրքիր է թարգմանության մասին բանաստեղծի սկզբունքներով:
Փետրվարին Մոսկվայում Վահան Տերյանը ամուսնանում է Սուսաննա Պախալովայի հետ:Քավորը Կարապետ Կուսիկյանն էր, խաչեղբայրը` Ց. Խանզադյանը: Մասնակիցների թվում էին Ալ. Ծատուրյանը, Ալ. Մյասնիկյանը, Պ. Մակինցյանը եւ ուրիշներ:
Փետրվարից զբաղվում է սովորելու և իր բանաստեղծությունների հրատարակման գործերով։ Ապրում է նյութական սուղ պայմաններում։
Մայիսի 19-ին Մոսկվայից «Գարուն» ալմանախի խմբագրության անդամներ Ց. Խանզադյանը, Ալ. Ծատուրյանը, Կ . Կուսիկյանը, Կ. Միքայելյանը, Վ. Տերյանը հեռագիր են ուղարկում Ալ. Շիրվանզադեին` գրական գործունեության 30-ամյա հոբելյանի առթիվ:
Հունիսին Սուսաննայի հետ մեկնում է Ստավրոպոլ` կնոջ ծնողների մոտ:
Օգոստոսին Մոսկվայից Միսկարյանին գրում է. «Հարցնում եք` ինչ եմ անում, պարապում եմ: Պատրաստվում եմ աշնանային քննություններին (նզովյալ լինեն դրանք): Տենչում եմ այս տարի դասընթացն ավարտել: Տեսնենք, կհաջողվի՞, թե՞ ոչ: Բացի այդ զբաղվում եմ բանաստեղծություններիս հրատարակման գործով, որոնք մի բավական ստվար հատոր կկազմեն: Ենթադրում եմ ամենակարճ ժամանակում անցնել տպագրությանը եւ առաջիկա աշնանը լույս ընծայել»:
Նոյեմբերին Մոսկվայից Ց. Խանզադյանին գրած նամակից իմանում ենք, որ Տերյանը Պողոս Մակինցյանի հետ կազմակերպել է «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը։
Դեկտեմբերի 25_ին ,Մոսկվայում Տերյանը և Մակինցյանը հեռագիր են ուղարկում բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանին, ուր ասված է. <<Դեկտեմբերի 23_ին <<Պանթեոն>>_ի խմբագրությունը կազմակերպել էր Ձեզ նվիրված գրական երեկո` Ձեր գրական գործունեության 30-ամյակի առիթով: Երեկոյին մասնակցում են Բարխուդարյանը, Վեսելովսկին, Զարիֆյանը, Կուսիկյանը, Մակինցյանը, Մամիկոնյանը, Տերյանը>>:
Գրում է «Ինքնօրորում», «Անդարձություն», «Ուշացած սեր», «Անտրտնջություն», «Գարնան լուսե ամպի նման», «Դու խոսում ես, բայց կարծես», «Ձմռան գիշեր» եւ այլ բանաստեղծություններ:
Լույս է տեսնում «Գարունի» երկրորդ գիրքը:
Հունվարից Տերյանը Մոսկվայում է, զբաղված է համալսարանը ավարտելու գործերով։
Հունիսին գրում է Անթառամին,_. «Ավարտական վկայական ստացա եւ հիմա մի քանի օրով հանգստացա, հետո նորից կսկսեմ պարապել: Իսկ պարապմունքներ շատ ունեմ, Անտենկա: Այնքան շատ, որ մի կյանք չի բավականանցնի»:
Հունիս-օգոստոսին Տերյանը Ստավրոպոլում է` կնոջ ծնողների մոտ: Զբաղվում է Արթուր Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» վիպակի թարգմանությամբ:
Հոկտեմբերին Վալերի Բրյուսովից կատարած «Լինե~լ մենա~կ…» եւ «Տխուր երեկո» բանաստեղծությունների թարգմանությունները տպագրվում են «Հուշարար» _ի Ա գրքում և Գ շրջանի Բ գրքերում:
Նոյեմբեր- դեկտեմբերին Մոսկվայում բանաստեղծը նյութական ծանր վիճակում է: Սկսում է պոեմ Լազարյան ճեմարանի մասին, որը մնում է անավարտ:
Մոսկվայում լույս է տեսնում Տերյանի «Բանաստեղծություններ»_ի առաջին հատորը, որի շապիկը ձեւավորել է Մարտիրոս Սարյանը:
Պողոս Մակինցյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի թարգմանությամբ և Պողոս Մակինցյանի առաջաբանով ու ծանոթագրությամբ հրատարակվում է Արթուր Շնիցլերի «Երկերի ժողովածուի» առաջին հատորը` «Պանթեոն»_ի հրատարակությամբ:
Ստեղծագործական առսւմով 1912 թվականը բեղմնավոր տարի է եղել։ Գրում է «Ցնորք», «Շշուկ ու շրշյուն», «Այս գիշեր նորից լալիս էր քամին», «Գիշեր», «Արեւածագ», «Կարուսել» եւ այլ բանաստեղծություններ: Լույս է տեսնում «Գարուն»_ի երրորդ գիրքը:
Մարտի 30-ին Վալերի Բրյուսովին հայտնում է, որ ստացել է ուղարկած լուսանկարը, որը իր կատարած 10-ը ոտանավորների թարգմանություններով ու մի ակնարկով Ձեր անձնավորության և պոեզիայի մասին ուղարկել է Վենետիկ , «Գեղարվեստ» հանդեսի համար: Ստորագրել է. «Ձեր պոեզիան սիրող եւ Ձեզ խորապես հարգող Վահան Տերյան»:
Մայիսի 10_ին, Մոսկվայից գրում է Ց. Խանզադյանին, որ ռուսաց գրականության քննությունը հաջողությամբ հանձնել է, բայց իր համար անսպասելի, պահանջել են երեք առարկայից եւս քննություն հանձնել` դիպլոմ ստանալու համար, որոնց ինքը պատրաստված չի եղել, ուստի հրաժարվել է եւ հետաձգել։ «Հոգիս ծայրեծայր լիքն է պոեզիայով և այլևս չեմ ուզում ինքս ինձ զսպել , զանազան անմիտ բաների համար։ Պետք է գրել, քանի գրվում է, քանի հոգում պոեզիայի կրակ կա, քանի վերջնականապես չենք կոշտացել կենսական գռեհիկ հոգսերից ու նողկալիությունից: Ազատություն եմ ուզում տալ հոգուս եւ խոյանքներիս, որոնք այնքան երկար ժամանակ «հալածված ու ճնշված են եղել»:
Հուլիսին, կինը` Սուսաննան, հիվանդանում է և Տերյանին<<շտապ կանչում է Ստավրապոլ>>։
Հուլիսի 9-ին շտապ մեկնում է Ստավրոպոլ և մինչև օգոստոսի կեսը մնում այնտեղ։ Գրում է Ցոլակին. «Այս վերջերս վրաս, չգիտեմ ինչու, գրելու հավաս է եկել, եւ օրը մի քանի բան թխում եմ- ի՞նչ է, ի՞նչ չէ, ինքս էլ չգիտեմ դեռ, հետո կտեսնեմ, իսկ առայժմ գրվում է, ես էլ գրում եմ… Բայց տպելու մասին դեռ չեմ մտածում: Մի լավ պոեմ եմ մտածել, բայց ժամանակ չկա. դրա համար շատ ժամանակ է պետք. ոտանավորը կարճ է, քիչ ժամանակ է պահանջում» . Սեպտեմբերի վերջ Տերյանը մեկնում է Պետերբուրգ։
Հոկտեմբեր 17_ին գրում է Ց. Խանզադյանին. «Երեք շաբաթ է Պետերբուրգում եմ: Եղա Մառի մոտ –ստիպեց մտնել համալսարան և լսել իիեն` ասելով, որ միայն այդ ձևով ես կարող եմ գիտություն ձեռք բերել_դա միակ ճանապարհն է և ուրիշ ուղի ոչ գո։ Այնքան կտրուկ դրեց հարցը և այնպես ոգևորեց, որ առանց այլևայլության համաձայնվեցի»:
Հոկտեմբերի 23_ից Տերյանը Պետերբուրգի համալսարանի արեւելյան լեզուների ֆակուլտետի ուսանող է` ամսեկան 50 ռ. թոշակով:Տերյանը մեծ նվիրումով և հոգեկան բավականությամբ զբաղվում է հայոց եւ արեւելյան լեզուների ուսումնասիրությամբ` աշակերտելով Նիկողայոս Մառին:
Նոյեմբերի վերջ հեռագիր է ուղարկում Հովհ. Թումանյանին. «Հիվանդ եմ, նյութապես ծայրահեղ դժվարին վիճակում. խնդրում եմ, եթե հնարավոր է, ճարեցեք փոխարինաբար 150 ռուբլի: Հուսով եմ ինձ կպաշտպանեք ստորացումներից, ավելորդ խոսակցությունից: Ընդունում եմ նյութական բնույթի ամեն պայման: Սպասում եմ շուտափույթ հեռագրական պատասխանի»:
Դեկտեմբերի 11-ին Թումանյանին գրած նամակում շնորհակալություն է հայտնում փողը ստանալու եւ Հայ գրողների ընկերության` իրեն նվիրած նոյեմբերի 28-ի հերթական երեկույթում Թումանյանի ջերմ պաշտպանության առիթով:
Գրում է «Միթե՞ վերջին պոետն եմ ես», «Սիրելի Պաոլո Մակինցյանին», («Եկան օրեր ու անցան ու ինձ ոչինչ չմնաց»), «Դարձյալ իջավ գիշեր, դարձյալ ու կրկին», «Այս հին ու նոր գրքերի վրա կորացած» եւ այլ բանաստեղծություններ։
Հունվարի 12-ին Պետերբուրգից հեռագիր է ուղարկում. «Հայ գրողների ընկերության մեծահարգ պարոն նախագահին.
Մեծապատիվ պարոն Թումանյան,
Ստացա եւ ուրախությամբ կարդացի հարգո Վարչությանդ գրությունը, որով հայտնում եք, որ Հայ գրողների ընկերության ընդհանուր ժողովը պատիվ է արել ինձ` Ընկերության անդամ ընտրելու: Թույլ տվեք հանձին Ձեր, հայտնել համակրելի Ընկերության հարգելի անդամներին իմ ամենախորին ու ջերմ շնորհակալությունը: Կուզեի հավաստիացնել Ձեզ, որ իմ ուժերը ներածին չափ պիտի ջանամ անօգուտ ու անպետք չլինելու Ընկերությանը, որի առաջադիմությանն ու հաջողությանը նպաստելը ամեն գրասեր հայի պարտքը պետք է համարել: Ձեր Վահան Տերյան»:
Հունվարի 24-ին Պետերբուրգից հեռագիր է գնում Թիֆլիսի «Հորիզոն» _ի խմբագրությանը, որի մեջ ասված է. «Ճիշտ չէ, թե հասարակությունն անտարբեր է գտնվել հայ երկրի մեծ գրողին հասցրած վիրավորանքների հանդեպ։ …Թող հայտնի լինի, որ հայ ժողովուրդը հավիտյանս պարտական պիտի մնա Հովհ. Թումանյանին: Ոչ մի հայհոյանք չպիտի կարողանա մթագնել մեր գրականության կարմիր արեւը. նա կփայլի, քանի կենդանի է մեր ժողովուրդը եւ նրա մահից հետո եւս, ինչպես ացտեկների բանաստեղծ ոմն Տետցկոյոտլ, որն ապրում է ցարդ, թեեւ վաղուց բնաջնջվել է նրա ժողովուրդը…»:
Վահան Տերյան
Ցոլակ Խանզադյան
Պողոս Մակինցյան
Հունվարի 29-ին Տերյանը հեռագիր է ուղարկում «Մշակի» խմբագրությանը եւ հրաժարվում աշխատակցելուց, քանի որ թերթը մի կատարյալ հարձակում էր սկսել Թումանյանի դեմ: «Չեմ կարող ծածկել զայրույթս եւ չբողոքել այդպիսի քայլերի դեմ, որոնք միանգամայն անթույլատրելի են գրական էթիկայի տեսակետից »։
Փետրվարի կեսերից մինչեւ մարտի սկիզբը` երեք շաբաթից ավելի երիկամների պատճառով, Տերյանը պառկում է հիվանդանոցում: Միսկարյանին ուղղած նամակում գանգատվում է. <<Ահա հիմա սարսափելի փորված եմ։ Հոգնել եմ։ Հոգնատանջ եմ։ Հիվանդ եմ։ Ծայր աստիճան ջղագրգիռ եմ։ Ուժասպառ եմ եղել։ Տհաճությունները շատ են, հաճելի քիչ բան կա։
Ապրիլին Տերյանը Գանձայում է: Մահանում է Տերյանի հայրը`տեր Սուքիասը` 74 տարեկանում:
Ապրիլի 30-ին Թիֆլիսի երաժշտական ընկերության դահլիճում հանդես է գալիս «Հայ գրականության գալիք օրը» թեմայով դասախոսությամբ:
Մայիսի 29-ին հեռացվում է Պետերբուրգի համալսարանից` ուսման վարձը չմուծելու պատճառով:
Հունիսի երկրորդ տասնօրյակին Տերյանը եւ Սուսաննան Պետերբուրգից գնում են Գանձա: Պետերբուրգ վերադառնալուց առաջ այցելում են Խանզադյաններին` Մեծ Ղարաքիլիսա (այժմ Վանաձոր): Ցոլակ Խանզադյանի կինը` Վարյան, վկայում է, որ միասին քաղաքում զբոսնելիս` Վահանը ամոթխածությամբ էր ընդունում իր երկրպագուհիների մատուցած ծաղիկները: … Տեղի ամառային ակումբում կազմակերպված երեկոն ջերմ վերաբերմունքի նոր ապացույցներ է տալիս. «Լեփ-լեցուն դահլիճը լարված ուշադրությամբ լսում էր Տերյանի բանաստեղծությունները, որ արտասանում էր նա անձամբ…»:
Հոկտեմբերի 20_ին Տերյանը արդեն Պետերբուրգում է։Նա խնդրանքով դիմում է համալսարանի ռեկտորին`խնդրելով իրեն ընդունել ուսանող և վարձի վճարումը հետաձգելմի քանի շաբաթով։
Նոյեմբերի 20-ին համալսարանի վարչությունը վերականգնում է ՏերյՆ_ուսանողի իրավունքները։
Դեկտեմբերին գրում է Նվարդ Թումանյանին. «Դուք երեւակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը. ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, եւ ես անզոր եմ այդ կրակի դեմ ու անօրգանական» (ընդգծումը բնագրում է): Այս <<ներքին դառն կրակով>> այրում արտահայտությունն է <<Երկիր նաիրի>> շարքը։
Դեկտեմբերի 26, 27, 28, 30 – «Մշակի» համարներում տպագրվում է Տերյանի «Հոգեւոր Հայաստան» հոդվածը: Գրում է «Պետերբուրգ» սոնետը եւ «Էքսպրոմտը»:
Հունվարից մարտ , Պետերբուրգում Տերյանը մտահոգված է ամսագիր հրատարակելու հարցերով։ <<Մենք երիտասարդներս պետք է ունենանք մեր թերթը>>,_գրում է նամակներից մեկում։ Մտածում է նաեւ <<Գարուն >>_ի և <<Պանթեոնի>>_ի ռուսերեն լեզվով հրատարակելու մասին։
Ապրիլի 2-ին գրում է Կ. Միքայելյանին. «Երեկ Մաքսիմ Գորկու մոտ էի, որն իր մոտ էր հրավիրել գրական գործով: Նա ուզում է հրատարակել «Армянский сборник» (հայ գեղարվեստական գրականությունից հանգամանալի ներածությամբ) եւ այդ ժողովածուն կազմելը հանձնարարեց ինձ»:
Ապրիլ_հուլիս ամիսներին Տերյանը Պետերբուրգի համալսարանում քննություն է հանձնում։ Նաև զբաղվում է հայկական ժողովածուի կազմելու, թարգմանելու և դրա հետ կապված կազմակերպչական հարցերով։
Գարնանը հայ ժողովրդի մասսայական բնաջնջման` եղեռնի լուրը հասնում է ամենուր:
Օգոստոսին գրում է Ցոլակին. «Դիտմամբ չեմ գրում ներկա դեպքերի մասին: Հասկանում ես, որ անհնար է այդ ահավոր բաների մասին նամակ գրել: Ես միանգամայն շշմած եմ եւ զարհուրած…Կովկասից եկող լուրերը հոգեկան տխրություն են լցնում մարդու սիրտը… Այդ լուրերը սպանիչ ազդեցություն են գործում»:
Հուլիսի 21-ին նամակ է գրում Մ. Գորկուն. «Մեծարգո Ալեքսեյ Մաքսիմովիչ,
Մոտ օրերս պատրաստ կլինի Սունդուկյանի «Պեպոյի» բառացի թարգմանությունը: Բարի եղեք հայտնել ինձ, թե ինչպես վարվեմ:
Թարգմանությունն ուղարկեմ Ձե՞զ, թե՞ գամ… Անկեղծ Ձեզ սիրող եւ հարգող
Վահան Տերյան»:
Սեպտեմբերի 8-ին Մուստա Միակիից գրում է Անթառամին. «Հիմա, ես Ֆինլանդիայում` Գորկու մոտ եմ: Նրա հետ թարգմանում ենք «Պեպոն»: Մի շաբաթ Տերյանը ապրում է Մ. Գորկու ամառանոցում։ Այստեղ Գորկին փորձում է համոզել Տերյանին ,որ գրի նաև ռուսերեն`բազմամիլիոն ժողովրդի լեզվով։Սակայն Տերյանը հրաժարվել է։
Հոկտեմբեր-դեկտեմբերին զբաղվում է «Հայ գրականության ժողովածուի» ռուսերեն թարգմանությամբ եւ հրատարակման հարցերով:
Գրում է «Երկիր Նաիրի» շարքը. որոնց մեծ մասը Տերյանը գրել էր 1915-ին` «Այնպես անխինդ են ու նման լացին», «Դու հպարտ չես, իմ հայրենիք», «Մշուշի միջից, տեսի~լ դյութական», «Կարծես թե դարձել եմ ես տուն», «Հիշում եմ, ինչպես այն ուշ…» , «Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց», «Ինչպես չսիրեմ երկիր իմ կիզված»:
Հունվարի սկզբին Տերյանը Երեւան է մեկնում: Պ. Մակինցյանը դասախոս էր Էջմիածնի Գեւորգյան Ճեմարանում:
Հունվարի 8-ին Վալերի Բրյուսովը Բաքվում հանդես է գալիս հայ գրականության մասին դասախոսությամբ: Ի պատիվ Բրյուսովի կազմակերպվում է ընթրիք, որի ժամանակ ստացվում է Վ. Տերյանի եւ Պ. Մակինցյանի հեռագրիը. «Նաիրական երկրից ջերմ ու սրտագին ողջունում ենք մեր թանկագին հյուր Վալերի Յակովլեւիչին եւ քնքշորեն գլուխ խոնարհեցնում Իոաննա Մատվեեւնայի առջեւ»:
Հունվարի 18-ին Երեւանում Վ. Բրյուսովը դասախոսություն է կարդում գրականության մասին. անդրադառնում է նաեւ բեմում նստած Տերյանին եւ նրան ներկայացնում ներկա հասարակությանը:
Ապրիլին Պետրոգրադում Տերյանի առողջական վիճակը վատթարանում է: Պատրաստվում է արաբերենի քննության: Պ. Մակինցյանի հետ որոշում են աշնանը հրատարակել «Գարունի» 4-րդ գիրքը:
Մայիսին Պետրոգրադից գրում է Նվարդ Թումանյանին. «Ցավում է կուրծքս, հազում եմ եւ շատ թույլ եմ զգում ինձ: Չկարծես, թե հիվանդացել եմ «բանաստեղծական» հիվանդությամբ, այսինքն` թոքախտով: … Ո’չ: Դեռ ոչ: Բայց բժշկի ասելով` առայժմ վտանգ չկա, բայց եթե միջոցներ ձեռք չառնեմ, վտանգավոր կդառնա հիվանդությունս: … Ասում է, որ պետք է գնալ- Хотя бы в Ялту (լավ է ասում, չէ՞…)» … Շարունակում է. «Ինձ մի դժբախտություն էլ պատահեց. Սուսաննան մի քանի օր առաջ մի աղջիկ ունեցավ, որը, տարաբախտաբար, վախճանվեց` ի մեծ վիշտ իմ եւ մանավանդ Սուսանի»:
Օգոստոսի երկրորդ կեսին գրում է Ց. Խանզադյանին, որ թարգմանում է Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորի» նախերգանքը: Հոկտեմբերին Պետրոգրադում հանձնում է արաբերենի քննությունը: Ց. Խանզադյանին է ուղարկում Բոդլերից կատարած թարգմանությունները եւ «Իջնում է գիշերը անգութ ու մթին», «Հայրենիքում իմ արնաներկ» եւ այլ բանաստեղծություններ` Բաքվի «Գործում» տպագրելու համար: Գանգատվում է առողջությունից: Մտահոգություն է հայտնում «Գարուն» ալմանախի 4-րդ գրքի հրատարակության հետ կապված հարցերի մասին («Գարունի» 4-րդ գիրքը այդպես էլ լույս չի տեսնում): Բժիշկները խորհուրդ էին տալիս շտապ գնալ Սուխում` տուբերկուլյոզը բուժելու համար, սակայն առողջարան գնալուց առաջ պետք էր լուծել զինվորագրության հարցը:
Դեկտեմբերի 31-ին Տերյանը գնում է Երեւան:
Լույս է տեսնում <<Сборник армянской литературы >> գիրքը ։
Գրում և լրացնում է <<Երկիր նաիրի>> շարքը. Գրում է այլ բանաստեղծություններ։
Հունվարի 15-ին Երեւանում ենթարկվում է բժշկական քննության: Բժիշկ Ամենակ Մելիքյանի կողմից տրված վկայականում գրված է. «Տրվում է սույնը Երեւան քաղաքում բնակվող Վահան Սուքիասի Տերյանին նրա անձնական խնդրանքով, Երեւանի Գավառական զինվորական ատյան ներկայացնելու համար առ այն, որ նա տառապում է աջ թոքի տուբերկուլյոզով, որ խորխը քննելիս նրա մեջ հայտնաբերված են տուբերկուլյոզային բացիլներ, որ այդ հիվանդությունից նա բուժվում էր ինչպես ինձ, այնպես էլ ուրիշ բժիշկների մոտ, որը եւ հաստատում եմ ստորագրությամբ եւ անվանական կնիքով»:
Հունվարի 16-ին գավառական զինվորական ատյանը հաստատում է. «Տեր-Գրիգորյանց` նույն ինքը Տերյան Վահան Սուքիասի (քահանայի որդի, Մոսկվա քաղաքի բնակիչ, ծնված 1885թ. հունվարի 28-ին) խոտանված` 1912 թվին զինվորական ծառայություն կատարելու զորակոչի ժամանակ: Երեւանի Գավառական զինվորական ատյանի ստուգողական ծառայություն կատարելու քննության ժամանակ ճանաչված է միանգամայն ոչ պիտանի զինվորական ծառայության համար` ըստ 1917 թվի հունվարի 16-ի նո. 113-60 Ա. Հոդվածի»:
Հունվարի 18_ին Երևանի քաղաքային ակումբում <<Հայոց նոր շրջանի բանաստեղծության ոճի ու լեզվի զարգացման մասին >> թեմայով դասախոսություն է կարդում, որից հետո ընթերցում է իր բանաստեղծություններից։Երեկոյի վերջում րտասանել է << Հրաժեշտի գազել>>_ը։
Փետրվարի 7_ին Սուխումի առողջարան է ընդունվում բուժվելու։
Մարտի 17_ին Սուխումիից գրում է Մ. Շահխաթունուն_<<Վերջին դեպքերն այնքան հուզիչ են, որ ոչ միայն գրել, այլև հանգիստ նստել չի կարողանում մարդ։ Այս զզվելի հիվանդության պատճառով ես մի այսպիսի ժամանակ Պետերբուրգ լինելու փոխարեն ընկած եմ այս անկյունում>>։
Գրում է մեծ եղբորը` Ջավախեցուն 1917-ի հունվարին Պետրոգրադից. «… Կյանքիս վերջին օրերն եմ ապրում: Ղազար ջան, ցավ չէ մեռնելը, բայց այսպիսի ժամանակ մեռնելը կրկնակի մահ է… Դեռ ինչքա~ն գործ կա անելու… Սու’տ է: Ղազա’ր ջան, սո’ւտ. խաբում են ինձ բոլորը… Ցավս է մենակ, որ չի խաբում, խեղդում Փետրվարի 11-ին նամակներ է գրում Մարգարիտա Շահխաթունուն, Ց. Խանզադյանին, Նվ. Թումանյանին, Կ. Միքայելյանին, որտեղ գանգատվում է իր վատ տրամադրությունից եւ ֆիզիկական վիճակից, նաեւ անդրադառնում է գրական խնդիրներին. Ստ. Զորյանին խնդրում է, որ «Մշակի» համարներն իրեն ուղարկվեն առողջարանի հասցեով:
Մարտի 17-ին հեռագրում է Հովհ. Թումանյանին. «Շտապ, Թիֆլիս, Վոզնեսենսկայա 18, Թումանյանին, Սուխումից: Խոնարհաբար խնդրում եմ գրողների նախագահին, Թիֆլիսի պետական իշխանությունների միջոցով շտապ դիմել տեղիս իշխանություններին, որպեսզի ինձ պաշտպանեն բժիշկ Շուլցի եւ առողջարանի տնօրենի ծանակումներից: Այստեղ ոչ ոքի չճանաչելով, հիվանդ` ես անզոր եմ»:
Թումանյանի օգնության շնորհիվ հարաբերությունները կարգավորվում են:
Մարտ ամսին Սուխումից Ավետիք Իսահակյանին է ուղարկում «Сборник армянской литературы» երկու օրինակ:
«Առողջությունս ավելի լավ է, – գրում է Ց. Խանզադյանին, -բայց դեռ էլի պիտի բժշկվեմ: Այս օրերս կգնամ Թիֆլիս: Այնտեղից էլ գուցե գնամ գյուղ: Հեղաշրջումն ինձ շշմեցրել է… Եվ սիրտս ճաքում է, որ ոչինչ չեմ կարող անել»:
Ապրիլի 11-ին «Մշակի» 72-րդ համարի «Ներքին լուրեր» խորագրի տակ կարդում ենք. «Թիֆլիս վերադարձավ բանաստեղծ Վահան Տերյանը Սուխումից, ուր նա բժշկվում էր երկու ամսից ի վեր: Բանաստեղծի առողջական դրությունը լավ է, եւ վտանգը անցած կարելի է համարել»:
Երկու քառատող է գրում Ռ. Զարդարյանի ալբոմում.
Մի’ տրտնջա ցավիդ համար-սիրո առատ աղբյուր է նա,
Մի’ ափսոսա մեղքիդ համար-սիրտը մաքրող սուրբ հուր է նա.
Թե սերն անցնի, մի’ մորմոքա-կը մնա հուշ- մաքուր է նա,
Սիրտդ թող միշտ խնդա կամ լա-մահ է մթին` երբ լուռ է նա:
Արածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս, –
Չարածներիդ համար պիտի ասես` ափսո~ս, հազա~ր ափսոս:
Վահան Տերյան ասաց-ավա~ղ, ինչո՞ւ դրիր սրտիս կապանք,
Քանի~ սերեր, քանի~ հուրեր զուր հանգցրի- հազա~ր ափսոս…
1917, գարուն, Թիֆլիս.
Մայիսին ծնվում է Տերյանի երկրորդ աղջիկ երեխան, որն ապրել է հավանորեն մինչեւ 1918-ի հունվար ամիսը։ Մահացել է Ստավրոպոլում, ուր Սուսանը մեկնել էր հունվարին։ Տերյանը նրան է նվիրել «Իմ բալիկին» խորագրով բանաստեղծությունը։
Մայիս_օգոստոսին Գանձայում է: Հայրենի լեռնաշխարհի կենարար օդն ու ջուրը, հարազատների հոգատարությունը վերականգնում են Տերյանի ուժերը: Նամակներ է գրում Կ. Միքայելյանին, Ստ. Զորյանին, միտք ունի Պետրոգրադ մեկնել; Մ. Շահխաթունուն գրում է. «Ի~նչ տխրալի է, սիրելի’ս, որ Կովկասը թողնում եմ առանց Ձեզ տեսնելու: Առհասարակ հայրենիքս թողնոմ եմ տրտմությամբ եւ ինչ-որ տագնապի զգացումով: … Ես հիմա այնպես տխուր-տխուր եմ, բայց եւ թեթեւ, կարծես վախճանվել եմ, կարծես կենդանի չեմ արդեն, այլ սոսկ ստվեր, հուշ, որեւէ տեղ: Վահան Տերյան
Մտահոգված է Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի թարգմանության հարցով, ըստ որում, առաջին հատորը պետք է թարգմաներ ինքը, երկրորդը` Ստ. Զորյանը, երրորդը` Դերենիկ Դեմիրճյանը, չորրորդը` Արշավիր Խոնդկարյանը: Ասում է, որ 100 երես թարգմանել է:
Օգոստոսի կեսերին Տերյանը Պետրոգրադ է մեկնում, որտեղից գրում է Ստ. Զորյանին, հետաքրքրվում է «Պատերազմ եւ խաղաղության» երկրորդ հատորի թարգմանությամբ եւ ավելացնում. «Ես այստեղից հեռանալու մտադրություն չունեմ դեռեւս եւ կհեռանամ միայն այն դեպքում, եթե բոլորը հեռանալու լինեն (եթե գերմանացիք վերցնելու լինեն մայրաքաղաքը) կամ թե սով լինի: Առայժմ ոչ մեկը, ոչ մյուսը չկա» (ընդգծումը բնագրում է):
Սեպտեմբեր վերջ Տերյանը հանդիպում է Ստեփան Շահումյանի հետ` արդեն որպես կուսակցական ընկերներ։
Ստեփան Շահումյանի առաջարկով Տերյանը ձեռնամուխ է լինում գրել <<Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին հողի մասին>> աշխատությունը։
Նոյեմբերին Պետրոգրադից գրում է ընկերներից մեկին. «Ինձ առաջարկում են պաշտոն Ազգային գործերի մինիստրության մեջ և Արտաքին գործերի մինիստրության մեջ: Դեռ չեմ որոշել: Երեւի ազգային գործերի մինիստրության մեջ կվերցնեմ պաշտոն հայկական մասում աշխատելու նպատակով: Դա հետաքրքիր կլինի; Հրաժարվել չի կարելի, վասնզի ինտիլիգենտ ուժերի կարիք կա, եւ կուսակցական էթիկան չի թույլատրում այս ժամին, երբ զզվելի սաբոտաժ են անում բոլոր խավար ուժերը, չգնալ եւ չծառայել բանվորական եւ գյուղացիական կառավարությանը: Դրա համար из принципа ուզում եմ վերցնել առաջարկված պաշտոններից մեկն ու մեկը» (ընդգծումը բնագրում է):
Նոյեմբերի 29-ին Լենինի ստորագրությամբ Տերյանին տրվում է հետեւյալ գրությունը. «Առաջարկվում է Մարինյան պալատի կոմիսար ընկեր Տերյանին ցույց տալ ամեն տեսակի աջակցություն` Կոմիսարիատի կովկասյան գործերի թղթերն ընդունելու գործում»:
Նոյեմբեր-դեկտեմբերին Տերյանը ժողովրդական կոմիսարների խորհրդին է ներկայացնում «Զեկուցագիր Թուրքահայաստանի մասին» եւ «Հայաստանի մասին դեկրետի» նախագիծը: Այս առիթով հանդիպումներ եւ զրույցներ է ունենում Լենինի հետ: «Լենինը շատ պայծառ է եւ զարմանալի… եւ պարզ» – գրում է Պ. Մակինցյանին:
Դեկտեմբերի վերջին ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից ստեղծվում է Հայկական գործերի կոմիսարիատ: Կոմիսարիատի նախագահ է նշանակվում Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ` Վահան Տերյանը: Դեկտեմբերի 29-ին ժողովրդական կոմիսարների խորհուրդը դեկրետ է ընդունում Թուրքահայաստանի մասին:
Տերյանը գրում է «Կատվի դրախտ» շարքը, լրացնում է «Ոսկե շղթա» եւ «Երկիր Նաիրի» շարքերը:
Հունվարի 11-ին Լենինի ստորագրությամբ Տերյանին տրվում է վկայական. «Սույնով, կնիքի դրոշմամբ, հաստատվում է, որ սույնը ներկայացնող Հայկական գործերի կոմիսարիատի կոլեգիայի անդամ Տերյանը Ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից լիազորված է որպես խորհրդական` մտնելու այն պատվիրակության կազմում, որը Բրեստ- Լիտովսկում բանակցություններ է վարում մի կողմից` Ռուսաստանի հանրապետության, եւ մյուս կողմից` Քառյակ Դաշինքի տերությունների միջեւ հաշտություն կնքելու հարցում»:
Հունվարի 12-24-ին Բրեստ-Լիտովսկում Տերյանը, որպես սովետական պատվիրակության խորհրդական, մասնակցում է հաշտության բանակցություններին:
Հունվարի 25-ին վերադառնում է Պետրոգրադ` «Հայկական հարցի մասին» անհրաժեշտ նյութեր Բրեստ տանելու:
Հունվարի 26-ին Պետրոգրադից նամակ է գրում կնոջը` Սուսաննային, որին երեխայի հետ ուղարկել էր Ստավրոպոլ. «Երեկ վերադարձա Բրեստից: Հասկանալի է, որ չնայած այն բանին, որ սարսափելի զբաղված եմ, ամբողջ ժամանակ իմ բոլոր մտքերը ակամա դառնում էին քեզ եւ իմ Լյասկային (աղջկան): …Պինդ կաց, սիրելի’ս, շատ եմ խնդրում քեզ, մի վհատվիր ու թեւաթափ մի լինի, տա Աստված ամեն բան դեպի լավը գնա: Ինչպինսի անսահման երջանկություն կլինի, եթե գամ (առաջին իսկ հնարավորության դեպքում` իհարկե կգամ) եւ ձեզ տեսնեմ ուրախ ու առողջ: Որեմն պահպանիր քեզ ու Լյասկային` մանկիկի’ս, եւ խելոք եղիր»:
Հունվարի 27_ին վերադառնում է Բրեստ։
Հունվար_փետրվար ամիսներին Բաքվի կոմիտեի օրգան «Բանվորի խոսք» _ի հունվարի 27-ի, փետերվարի 16-ի եւ 24-ի համարներում տպագրվել է Տերյանի «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին» աշխատությունը:
Մարտին Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատի հետ Հայկական գործերի կոմիսարիատը Պետրոգրադից տեղափոխվում է Մոսկվա:
Մարտ-ապրիլին Մոսկվայից գրում է Ստավրոպոլ` Սուսաննային. «Արժե՞ արդյոք խոսել այն մասին, թե որքան շատ ծանրագույն տառապանքներ են պատճառում ինձ քո հեռավորությունն ու վիճակիդ անորոշությունը: Լյասկայիս մասին ես նույնիսկ վախենում եմ հարցնել: … Հիմա գալու ոչ մի հնարավորություն չկա բարոյական նկատումներով եւ ընկերականության ու կարգապահության նկատումներով: …Ես իմ պարտքն եմ համարում, որքան էլ այդ ծանր լինի, դիմանալ դրան, տոկալ եւ տվյալ պահին չլքել պոստս: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց հնարավորություն կունենամ հանգիստ խղճով գալ քեզ մոտ: Մի բան կասեմ միայն. հավատա, որ այս երկու ամսվա ընթացքում ապրել եմ այնքան վիշտ ու թախիծ, որքան չեմ ապրել ամբողջ կյանքիս ընթացքում»:
Ապրիլ-հունիսին Մոսկվայում Տերյանը զբաղված է պետական կարեւորագույն փաստաթղթերով. հրատարակչական գործի կազմակերպման, Լազարյան ճեմարանի բարենորոգման, հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու հարցերով:
Հունիսի 22-ին Վ. Ավանեսովի եւ Վ. Տերյանի խմբագրությամբ լույս է տեսնում Հայկական Գործերի կոմիսարիատի օգնական «Կոմունիստ» շաբաթաթերթը: Թերթում տպագրվում են Սովետական կառավարության դեկրետները, որոշումները, Լենինի Ճառերը, զեկուցոմները եւ հոդվածները, նաեւ Տերյանի «Նամակներ հայ գյուղացիներին եւ բանվորներին» կոչը:
Հուլիսի 29-ին հայ գաղթականներին օգնելու համար հատուկ բժշկասանիտարական մի խումբ Վ. Տերյանի գլխավորությամբ մեկնում է Հյուսիսային Կովկաս եւ Մերձ_Վոլգա: Տերյանը հույս ուներ այնտեղից անցնել Ստավրոպոլ` Սուսաննային տեսնելու:
Օգոստոսի երկրորդ կեսին հասնում են Աստրախան: Տերյանը հյուրընկալվում է ճեմարանական դասընկեր Նիկողայոս Վարագյանի տանը:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը Տերյանը Պյատիգորսկում զբաղվում է հայ գաղթականներին օգնություն ցույց տալու հարցով: Նա բաժանում է իր հետ բերած դրամը եւ հագուստները. բժիշկների միջոցով կազմակերպում է հիվանդների բուժօգնության գործը, լիկվիդացնում է դաշնակցության կողմից ղեկավարվող բուրժուա_նացիոնալիստական կազմակերպությունները, բաժանմունքը կոմպլեկտավորում է Սովետական իշխանությանը նվիրված մարդկանցով, կազմում է բաժանմունքի աշխատանքի պլան, կարգի գցում աշխատանքները և հրահանգավորում աշխատողներին։
Սեպտեմբերի 6-ին Տերյանը Եսենտուկիում հանդիպում է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանին և մնում մոտ տաս օր։
Սեպտեմբերի 20_ից հետո լինում է Աստրախանում ։
<<Մեր տան առաջ,_հիշում է Վարագյանը ,_կանգնեց նրա ավտոմոբիլը և միջից դուրս եկավ նույն անդադար ճանապարհորդը, սակայն` ավելի ուժասպառ համարյա հիվանդ վիճակում։ Նա վշտացած էր, որ չէր կարողացել կենդանի կապ հաստատել կնոջ հետ, որը մնացել էր հակահեղափոխականների գրաված տարածքում` իր հայրենի Ստավրոպոլ քաղաքում։
Այս անգամ, Տերյանը Աստրախանում մնաց մոտ մի ամիս, սակայն ցավոք, համարյա միշտ հիվանդ պառկած էր մեր տանը>>:
Հոկտեմբերի կեսին. «Վահանը հիվանդ, հազալով թողնում է Աստրախանը», – գրում է Վարագյանի մայրը` Մանուշակը:
Նոյեմբերի 25-ին Մոսկվայում Տերյանը գրում է զեկույց-հաշվետվություն Հայկական գործերի կոմիսարիատի գործունեության վերաբերյալ:
Տերյանի թարգմանությամբ Մոսկվայում լույս է տեսնում Լենինի «Կառլ Մարքս. համառոտ կենսագրություն եւ մարքսիզմի շարադրություն» աշխատությունը:
Տարվա սկզբներին Մոսկվայում առանձին գրքով հրատարակվում է Տերյանի «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին» աշխատությունը:
Մարտի 4-ին Ժողկոմսովետը Վ. Ի. Լենինի ստորագրությամբ ընդունում է <<Դեկրետ Մոսկվայում գտնվող Հայկական ինստիտուտի մասին>>։
Լազարյան ճեմարանը հայկական ինստիտուտի վերակազմավորելու նախագծի աշխատանքները գլխավորում էր Տերյանը և նախագիծն էլ կազմված էր նրա ձեռքով։
Հունիսին լրջորեն խախտված առողջությունը վերականգնելու համար, ընկերների ու բարեկամների ճնշմանը տեղի տալով, Տերյանը գնում է Մոսկվայի Սոկոլնիկի արվարձանի Չետվերիկովի առողջարան, որտեղ եւ գրում է ներքոհիշյալ սրտառուչ տողերը.
Օ~, կըգան օրեր ավելի տրտում
Ու դժնի, դժնի, առավել դժնի.
Կըդառնա հանկարծ բոլորն ապարդյուն,
Օ~, կըգան օրեր ավելի տրտում:
Կըլռե տրտունջն անամոք սրտում,
Եվ փոշու նըման ձանձրույթը կիջնի…
Օ~, կըգան օրեր ավելի տրտում
Եվ դժնի, դժնի, առավել դժնի…
Դերբենտցի 17 ամյա Անահիտ Շահինջանյանը 1917-ին սովորելիս է լինում Մոսկվայի կանանց բարձրագույն կուրսերի բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժնում: Հեղափոխության պատճառով կուրսերը փակվում են, Անահիտը սկսում է աշխատել Ազգությունների հայկական կոմիսարիատի գրական բաժնում: Տերյանի հետ մտերմանում է: 1919-ից նրանք արդեն միասին էին: Անահիտն է Տերյանի միակ դստեր` Նվարդի մայրը: Նվարդը ծնվել է Տերյանի մահից 3 ու կես ամիս անց, Մոսկվայում, 1920 թվականի ապրիլի 28-ին։ Նվարդը Մոսկվայում ստացել է բարձրագույն կրթություն` իրավաբանի որակավորում։ Գալով Երևան` նա ամուսնանում է բանաստեղծ Գևորգ Էմինի հետ և ունենում են 2 տղա` Վահան և Գրիգոր։ Նվարդը մհվանից մեկ ամիս առաջ, Երեւանից մեկնել էր Մոսկվա`վիրահատության նպատակով։ Մահացել է 1978թ ._ի հոկտեմբերի 12_ին` քաղցկեղից։
1978թ._Ի հոկտեմբերի 21_ին ,Նվարդի աճյունասափորը հանդիսավորությամբ թաղում են Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցու գավթում։ Նրա վերջին պատգամն է եղել, որ իրեն հուղարկավորեն Գանձայում` հայրական տան բակում։ 1979թ_ի հուլիսի 22֊_ին քանդակագործ Արա Շիրազը Գանձա է բերում և տեղադրում, իր պատրաստած, խաչքարն ու տապանաքար։
Տերյանն Անահիտի հետ ապրում էր «Մետրոպոլ» հյուրանոցում, որտեղ եւ ավարտում է Լենինի «Պետություն եւ հեղափոխություն» աշխատության թարգմանությունը:
Սեպտեմբերի երկրորդ կեսին , Մոսկվայից, Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կարեւոր եւ շտապ հանձնարարությունով պատրաստվում է մեկնել Տաշքենդ` չնայած առողջական վատ վիճակին։ Նա հույս ուներ Թուրքեստանում (Ուզբեկստան) տեսնել մեծ եղբորը` Ղազարին, եւ նրա ընտանիքի խնամքը վայելելով` տաք կլիմայի մեջ վերականգնել առողջությունը:
Հոկտեմբերի 3-ին Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատից Մ.Ի.Կալինինի ստորագրությամբ ստանում է վկայական. «Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը հաստատում է, որ սույնը ներկայացնող` Համառուսական ԿԳԿ-ի անդամ ընկ. Վահան Սուքիասի Տերյանը Արտգործժողկոմատի կարեւոր եւ շտապ հանձնարարություններով ուղեւորվում է Տաշքենդ` Սամարայի եւ Օրենբուրգի վրայով:
Բոլոր ռազմական, քաղաքացիական եւ երկաթուղային իշխանություններին առաջարկվում է ընկ. Տերյանին ցույց տալ ամենալայն օժանդակություն` նրա ուղեւորության ճանապարհին»:
Տերյանին ուղեկցելու պատրաստակամություն է հայտնում Անահիտ Շահինջանյանը, որը շուտով մայրանալու էր:
Հոկտեմբերի 13-ին դուրս են գալիս Մոսկվայից:
Հոկտեմբերի 20-ին, Սամարայում Տերյանը դիմում է ռազմական հաղորդագրությունների պետին. «Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից հույժ շտապ եւ կարեւոր հանձնարարությամբ գործուղված լինելով Տաշքենդ, հետագայում Արեւելք (Թուրքիա եւ Պարսկաստան) մեկնելու համար, հիվանդության բերումով հարկադրված եղա կանգ առնել Սամարայում: Ներկա պահին ցանկանալով շարունակել իմ ճանապարհը` խնդրում եմ Ձեզ տրամադրել ինձ մեկ կուպե(երկու հոգու համար) հենց առաջին իսկ կարգային վագոնում, որը Ձեր կողմից ենթադրվում է Տաշքենդ ճանապարհելու: Ինձ վրա դրված պատասխանատու խնդրի ծայրահեղ շտապ լինելն ու արտակարգ կարեւորությունը իրավունք են տալիս ինձ հուսալու, որ սույն դիմումը անհապաղ քննության կառնվի Ձեր կողմից եւ կբավարարվի ամեն հերթից դուրս» (ընդգծումը բնագրում է):
Հոկտեմբերի 31-ին Սամարայում Անահիտը գրում է. «Եղավ Ֆրունզեի մոտ: Գնաց նահանգային գործկոմի նիստի, վերադարձավ ուշ գիշերին եւ արդեն ջերմություն ուներ: Եղանակը խոնավ էր, սառնամանիքները դեռ չէին սկսվել: Հաջորդ օրվանից նա հիվանդ պառկեց»:
Նոյեմբերի 8-ին գրում է. «Բժիշկը եկավ, դիտեց կոկորդը եւ ասաց, որ վտանգը այնքան էլ մեծ չէ, եւ երեք օրից կարելի է շարունակել ճանապարհորդությունը դեպի Տաշքենդ: Իմ այն առաջարկություններին, թե վերադառնանք Մոսկվա, Վահանն ասում էր, որ փողերը ծախսված են, ոչինչ արված չէ, կիսաճանապարհից վերադառնալն անհնարին է»:
Նոյեմբերին, Սամարայում, թելադրում է Անահիտին, որ գրի առնի իր վերջին բանաստեղծությունը. «Գինով եմ, գինով եմ ես էլ» …
Նոյեմբերի 22-ին Սամարայից ռազմա_սանիտարական գնացքով մեկնում են Օրենբուրգ: Անահիտը պատմում է, որ իրենց վագոնը նորմալ չի ջեռուցվել, համապատասխան սնունդ չի եղել, գնացքը օրերով կանգ է առել կայարաններում և դա վերջնականապես քայքայել է Տերյանի առողջությունը։
Դեկտեմբերի 13-ին գնացքը կանգ է առնում Օրենբուրգից 9 վերստ հեռավորության վրա, գնացքի ուղարկմանը սպասելով` մնում են մինչեւ 18-ը: «Դեկտեմբերի 19-ին ես գնացի Օրենբուրգ, – շարունակում է Ա. Շահինջանյանը, – որպեսզի սկսեմ դես ու դեն ընկնել` մի ուրիշ գնացք նստելու համար: Ամեն ինչ կարգավորվեց. մյուս օրը պետք է մեկնեինք, բայց ջերմությունը բարձրացավ մինչեւ 40.8: Ես դուրս էի եկել: Վերադարձա, նա արդեն ինձ նամակ էր գրում` կարծելով, որ կմեռնի մինչեւ իմ վերադարձը: Ես արդեն տեսա, որ շարունակել ճանապարհն անկարելի է, առաջարկեցի գնալ Օրենբուրգ` իմ ծանոթ Օհանյանների մոտ: Նա այդ օրն առանց ինձ այնքան էր տանջվել, որ ասաց. «Ինչ ուզում ես արա, միայն ինձ մահից փրկիր»: … Օրենբուրգ մենք գնացինք սահնակով: Երբ հասանք, նա համարյա անզգա էր, սակայն տնային հարմարավետ պայմանները, ընտանիքի ջերմությունը նրան վերակենդանացրին: Նա աշխուժացավ, եւ երեկոյան բոլորս նստել թեյում, պարզ ու սիրալիր խոսակցում էինք:
Դեկտեմբերի 20-ի օրը մինչեւ երեկո նա իրեն լավ էր զգում: Սենյակում դաշնամուր էր դրված: Ստիպեց ինձ ամբողջ օրը նվագել:
Դեկտեմբերի 21-ին անկողին ընկավ եւ այլեւս վեր չկացավ:
Դեկտեմբերի 28_ին <<Առաջին անգամ բժիշկ եկավ, ով խոստացավ նորից գալ, բայց այլևս չեկավ. նշանակեց ինչ_որ անպետք դեղորայք ու գնաց։
Դեկտեմբերի 30-ից պարբերաբար, օրընդմեջ, նրան սկսեց այցելել մի ուրիշ բժիշկ: Ջերմությունը ցածր էր` 35.6 աստիճան: Աղիքների պրոցեսի հետեւանքով նա ոչինչ ուտել չէր կարողանում: Անգամ անկողնում չէր կարողանում շարժվել:
Հունվարի 4-ից մարմինը սկսեց սառչել:
<<Նա բողոքում էր, որ ներսից ինքը այրում է, իսկ վերջույթները սառչում էին։ Նա խնդրում էր գնալ Մոսկվա, ասելով, թե փրկությունը այնտեղ է։ Դեղորայք չէր կարելի գտնել։…Նրա պնդումների շնորհիվ, ես բանակի շտաբի միջոցով հաջողացրի ստանալ վագոն և 7_ին մենք մեկնելու էինք Մոսկվա։
Հունվարի 6-ին առբաժնի միջոցով հրավիրվեց կոնսուլիում` երեք բժշկից բաղկացած: Ասացին, որ ոչինչ անել չի կարելի, ամեն րոպե պետք է սպասել վախճանին:
<< Լույս 7_ի ամբողջ գիշերը չքնեց : Մի քանի անգամ խնդրեց շորերը հագցնել, նստեցնել բազկաթոռին, սակայն այնպես թույլ էր, այնքան ուժասպառ ու հյուծված, որ միանվագ հինգ րոպե անգամ չէր կարողանում նստել: Ոտքերն ու ձեռքերն արդեն փայտացել էին, խնդրեց տրորել: Զարմանալի կերպով հանգիստ էր նա այդ միջոցին:
Արցունքները գլոր-գլոր թափվում էին իմ աչքերից: Տեսնելով այդ` Վահանը խնդրեց լաց չլինել եւ ապա հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, ու՞մ է դժվար` նրան` ով մեռնո՞ւմ է, թե՞ մերձավորներին, որ կենդանի են մնում…»: Մարմինը բոլորովին սառեց: Ոչինչ չէր կարողանում ընդունել, դժվարությամբ էր խոսում… Չնայած այդ բոլորին` անվերջ ասում էր. «Գնանք, շուտով Մոսկվա գնանք…»:
Առավոտյան գնացի բուժակի հետեւից: Սրսկման միջոցին Վահանը խոսում էր եւ հարցրեց. «Հնարավո՞ր է, արդյոք, անվերջ ծակոցներ անել եւ կյանքը երկարացնել եւս մի շաբաթ»: Կամֆորայի սրսկումից հետո շուրջ երկու ժամ նա գիտակցում էր: Նկատելի աշխուժացավ, ասես գերբնական մի զվարթություն եկավ վրան, ու ցավերը մեղմացան: Ապա ինձ խնդրեց մոտը հանգիստ նստել, լաց չլինել ու չհեռանալ: Հանդարտ նստեցի կողքին, ինքը խաղաղ ու անդորր պառկեց: Թափառող հայացքով ինչ-որ բան էր փնտրում օդի մեջ. վերջին պահին կիսով չափ բարձրացավ եւ «Ու՞ր է իմ պորտֆելը, ես ընկնում եմ», -ասաց ու փակեց աչքերը»:
<<Մրրկաշունչ ստեպներում, հայրենի օջախից շատ հեռու, դառնագին հիվանդության ճիրաններում դադարեց բաբախել մի խորության սիրտ, դադարեց գործել մի մեծ ինտելեկտ, որ ծնված էր զգալու և խորհելու, ստեղծագործելու և իմաստավորելու մարդկային գոյությունը>>։
Ավ. Իսահակյան։
Հայտնի է, որ բանաստեղծին հողին են հանձնել Օրենբուրգի գերեզմանատան` հայերին հատկացված մասում ,սակավաթիվ մարդկանց ուղեկցությամբ։ Շիրմի վրա եղել է ընդամենը փայտյա խաչ` կարճ մակագրությամբ։ Այդ օրերի օրենբուրգյան ոչ մի լրագրության տող անգամ չկա Տերյանի մահվան մասին։ Եվ միայն 1920թ._ի մարտի 7_ի «Մշակն» իր «Վերջին տեղեկություններ» բաժնում տպագրում է. «Հաստատ աղբյուրից հաղորդում են, թե բանաստեղծ Վահան Տերյանը վախճանվել է»:
1940 թվականին Հայաստանի գրողների միությունը գրականագետ Սաքո Սուքիասյանին գործուղում է Օրենբուրգ: Նա մեծ դժվարություններով կարողանում է գտնել այն տունը, ուր իր վերջին օրերն է ապրել բանաստեղծը: Տեղի ղեկավարության աջակցությամբ հետը տարած մարմարե ցուցանակը փակցնում են տան ճակատին, որի վրա ռուսերեն եւ հայերեն գրված էր. «Այս տանը իր կյանքի վերջին օրերն է ապրել հայ բանաստեղծ Վահան Տերյանը: Անդամ ՀԿ (բ) Կ եւ ՀԿԳԿ»:
Գերեզմանի տեղը գոնե մոտավոր ճշտությամբ` անհնար է լինում պարզել: Թաղման մասնակիցներից ոչ մեկին չեն գտնում: Հին գերեզմանը լքված էր: Ձմեռվա բուք բորանին խոր ձյան միջով ճանապարհ բացելով տարել-թաղել են այնպիսի մի ժամանակ, երբ բծավոր տիֆի համաճարակը հազարավոր զոհեր է տարել` չհաշված քաղաքացիական պատերազմի կռիվներում ընկած մարտիկները:
Պատմում է ինքը` Սաքո Սուքիասյանը. «Օրենբուրգից վերադառնալուց առաջ ուզեցի մեկ անգամ եւս այցելել այն հողակտորը, որն իր մեջ պահում է մեզ համար խիստ թանկագին, մեր սիրելի պոետի աճյունը: Տխուր-տրտում հուշերով տոգորված` ես շրջեցի Օրենբուրգի հին գերեզմանոցի սահմաններում: Ես ոտնատակ չարեցի եւ ոչ մի լքված գերեզմանաթումբ ու մտքումս վերականգնեցի Տերյանի` դեռեւս 1904 թվականին գրված բանաստեղծությունը.
Իմ գերեզմանին դուք չմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ,
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ որ կա սեր եւ ցնո’րք ու լա’ց…
Օրենբուրգի Գորկու անվան # 24 միջնակարգ դպրոցում գործում էր «Վահան Տերյանի անվան փառքի սրահ թանգարանը» եւ «Տերյանի պատանի բարեկամների ակումբը», որոնք ամեն տարի հունվարի 6-ից մինչեւ փետերվարի 9-ը (մահվան օրից մինչեւ ծննդյան օրը) տերյանական միջոցառումների միամսյակ են հայտարարում մարզի շրջանակներում: Այժմ այդ ամենը տեղափոխվել և ցուցադրվում են Օրենբուրգի հայ համայնքում` հատուկ ցուցասրահում։
Քաղաքի ղեկավարությունը Վահան Տերյանի դստերը` Նվարդ Տերյանին, 1964-ին Երեւանից հրավիրում է Օրենբուրգ: Նախկին գերեզմանոցի սահմանից հանդիսավոր արարողությամբ հող են վերցնում, որը Նվարդը բերում է . մի մասը խառնում են Գանձայի տուն_թանգարանի բակում կանգնեցված կիսանդրու դիմացի հողին, իսկ մյուս մասը ամփոփում են Կոմիտասի անվան Պանթեոնում`մեր մյուս մեծերի կողքին։ Վրան սեւ գրանիտե քար են դնում, ավելանում է եւս մի թանկագին շիրիմ: Տերյանի այս խորհրդանշական շիրիմը դարձել է ուխտատեղի, ուր յուրաքանչյուր տարվա փետերվարի 9-ին, ժամը 1-ին այցելում, ծաղիկներ են խոնարհում եւ կարդում սիրելի պոետի հոգեզմայլ տողերը։
1957թ.-ից հայրենի Գանձայում գործում է Վահան Տերյանի տուն-թանգարանը։ 1973_1975 թվականներին տան կողքին, կառուցվել է ցուցասրահը, որը հիմնահատակ վերանորոգվել է 2020_ 2021թվականին և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմի նախաձեռնությամբ և մի շարք բարերար կազմակերպությունների և անհատների աջակցությանբ։
1967-ից, յուրաքանչյուր տարվա հուլիսի նախավերջի կիրակի օրը` Գանձայում, նշվում են պոեզիայի տերյանական օրերը, որին մասնակցում են Հայաստանից, Վրաստանից եւ այլ վայրերից ժամանած հատուկ պատվիրակություններ ու բազում երկրպագուներ: <<Տերյանական>>_ը `Վրաստանում նշվող ամենահին հայկական , պետական տոննա է` Սայաթ-Նովյան <<Վարդատոն>>_ից հետո։