Թանգարանի պատմությունը
Տուն-թանգարանի ստեղծման պատմությունը: Վ. Տերյանի տուն-թանգարանը հայ ժողովրդի մակույթի ու պատության կարևոր վկաներից և հարստություններից է: Այն կարևոր է ոչ միայն որպես բանաստեղծի հայրական տուն, այլև որպես նախորդ երկու հարյուրամյակների տարածաշրջանային և համազգային նշանակության մշակութային կենտրոն:
Վահան Տերյանի հայրական տունը կառուցվել է 1882թ.-ին: Մի քանի սենյակով, փայտե հատակով, բարեկարգ մի տուն, ուր Գանձա այցելած բազում նշանավոր մարդիկ են հյուրընկալվել: Դեռևս 1955-ին գյուղի ակտիվ երիտասարդները Մոլիկ Սեդրակյանի գլխավորությամբ, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին դիմում են ուղղում` բանաստեղծ Վահան Տերյանի տունը թանգարան դարձնելու խնդրանքով: Վրաստանի ԿԿ Կենտկոմի հանձնարարությամբ արձակագիր-թարգմանիչ Սահակ Մանվելյանը ժամանում է Գանձա, տեղում ծանոթանում տանը և տարածքին, ու մեկ տարի հետո բոլորի երազանքը իրականանում է: Ավելին, 1957-ին այդտեղ բացվում է նաև գրադարան:
Առաջին տնօրեն է նշանակվում Տերյանի քրոջ աղջիկը` Արուսյակ Մալխասյանը, որին հետագայում փոխարինում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Սերգեյ Հասրաթյանը: Նրա ջանքերի շնորհիվ հարստանում է տուն-թանգարանի հավաքածուն, ստեղծվում են ակտիվ համագործակցության կապեր: Այնուհետ տնօրեն են եղել` Վաղարշակ Թանգամյանը` 1976-ից, Վաղինակ Ղազարյանը` 1998-ից, Արտեմ Թորոսյանը` 2002-ից, ապա կրկին Վաղարշակ Թանգամյանը: 2022թվ․-ից մինչ օրս թանգարանի տնօրենն է Մանվել Աբգարյանը։
1970-ականների սկզբին տուն-թանգարանի բակում նոր շենքի հիմք է դրվում` ցուցանմուշներն առավել ապահով պահպանելու համար:
2019 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը(ՋԱՀ) նախաձեռնեց վերականգնել ցուցասրահը, որը արդեն գտնվում էր անմխիթար վիճակում։
Համավարակի և պատերազմի պայմաններում անգամ ՋԱՀ-ը համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացավ իրականացնել ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում վերականգնվեց Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը և 2021թ․օգոստոսի 1-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ բացման արարողությունը։ Իսկ այժմ ընթանում են տուն-թանգարանի հուշային մասի՝ հայրական տան վերականգնման նախապատրաստական աշխատանքները։